Անհայտ անձինք 6 տարեկան տղային գլխատել են մոր աչքի առաջ. սարսափելի դեպք Մադինայում

Սաուդյան Արաբիայում տղային սպանել են մոր աչքի առաջ։ Չարագործները բռնել են տղային ու ապակու կտորով կտրել նրա գլուխը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Սաուդյան Արաբիայի իսլամական սրբավայրերից մեկի մոտ անհայտ անձինք 6 տարեկան տղային գլխատել են մոր աչքի առաջ` շիա լինելու համար։ Այս մասին հայտնում է երկրի շիաների իրավապաշտպան կազմակերպությունը։

Կինը երեխայի հետ գնացել է Մադինայի «Կանաչ գմբեթ», որը մարգարե Մուհամմեդի գերեզմանն է։ Անհայտ տղամարդը նրանց հետևից հասել է տաճարի մուտքի մոտ ու հետաքրքրվել` մայրն ու որդին շիանե՞ր են։ Մայրը դրական պատասխան է տվել։

Ակտիվիստները հայտնում են, որ մի քանի րոպե անց մոր ու երեխայի մոտ մի մեքենա է կանգնել, չարագործները բռնել են տղային ու ապակու կտորով կտրել նրա գլուխը։

Ակտիվիստները նշում են, որ ոչ ոք չի փորձել օգնել կնոջը, երկրի իշխանությունը դեռ ոչ մի հայտարարություն չի արել այս դեպքի առնչությամբ։

Սաուդյան շիաները կոչ են անում Ռիադին ու միջազգային հանրությանը դատապարտել տեղի ունեցածը։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է փոքրիկի լուսանկարը։