ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հայ-վրացական երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ կան: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` այսօր ընդունելով Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Խորհրդարանի ղեկավարը, փաստել է հայ և վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խորը արմատները:
Գիորգի Սագանելիձեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը, կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը, անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ակտիվ համագործակցությունը, փոխայցերն ու փորձի փոխանակումը:
Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ հայ և վրացի խորհրդարանականներն իրենց ներդրումը կունենան երկկողմ բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման գործում:
Կողմերը երկուստեք անհրաժեշտ են համարել երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի մակարդակում, այլև միջազգային խորհրդարանական կառույցներում:
Զրուցակիցները, անդրադառնալով հայ-վրացական կապերի առավել խորացմանն ու սերտացմանը, վստահություն են հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններով պայմանավորված` խորհրդարանական երկխոսությունն ամուր հիմք կլինի համագործակցության առավել ամրապնդման համար: