Ի՞նչ է սպասում Զբոսաշրջության հիմնադրամին ու «Բիզնես Արմենիային». նախարարը բացեց փակագիծը

Պետական կառույցների օպտիմալացումը պետությանն ու պետական ծրագրերին չի վնասի։ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարն անդրադարձավ իր ղեկավարած ոլորտի կրճատումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Տնտեսական ոլորտի ՊՈԱԿ–ների ու հիմնադրամների կրճատումը վնասների չի հանգեցնի։ Այսօր` փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` մեկնաբանելով կառավարության ձեռնարկած օպտիմալացման ծրագրերը։

«Այո, մենք որոշել ենք, որ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կմիավորվի Զբոսաշրջության կոմիտեին, որովհետև երբ վերլուծում ենք այն գործառույթները, որ փաստացի իրականացվում են այդ 2 տարբեր կառույցներում, բովանդակությամբ էապես տարբեր չեն, և դրանց համատեղ կառավարումը նաև ռեսուրսների ու սահմանված թիրախներին հասնելու ջանքերի արդյունավետություն կտա»,– ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով օպտիմալացվող մեկ այլ կառույցի` «Բիզնես Արմենիայի» ճակատագրերին, նախարարը նշեց, որ այն ոչ թե վերացվելու, այլ վերակազմավորվելու է։

«Գիտեք, որ արդեն կա կառույցի նոր նշանակված տնօրեն։ Նա կներկայացնի իր տեսակետը, թե ինչպես պետք է մոբիլիզացնել առկա ռեսուրսները, դրանք համալրել թարմ մարդկանցով ու գաղափարներով»,– ասաց նա։

Խաչատրյանի խոսքով` վերակազմավորումների հիմնական նպատակն այն է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվեն առավել խոշոր և նշանակալի ծրագրեր իրականացնելու համար։

«Բիզնես Արմենիայի» ղեկավարը հրաժարականի դիմում է գրել

«Որևէ կարևոր գործառույթ, որ իրականացրել է «Բիզնես Արմենիան», դուրս չի մնալու։ Ընդամենը վերակազմակերպելով այդ գործառույթներն իրականացնելու ձևաչափը`մենք դրանք իրականացնելու ենք այլ ստորաբաժանումների միջոցով ու այնպիսի կառուցվածքային միավորումների ձևաչափով, որոնք պատասխանատու կլինեն նույն գործառույթների իրականացման համար։ Ուղղակի «Բիզնես Արմենիա» ստորաբաժանում չի կոչվի, այլ կլինի նախարարության ստորաբաժանումներից մեկը»,– ասաց Խաչատրյանը։

«Բիզնես Արմենիան», որ նախկինում կոչվում էր «Հայաստանի զարգացման հիմնադրամ», ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ.–ին։ Նպատակը Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացումն է, ներդրումների ներգրավումը, արտահանման խթանումը: «Բիզնես Արմենիան» նպաստում է պետական մարմինների և գործարարների միջև համագործակցությանը, աջակցում օտարերկրյա ներդրողներին։

«Բիզնես Արմենիայի» տնօրենի պաշտոնում հրաժարականի դիմում ներկայացրած Արմեն Ավակ Ավակյանի փոխարեն նշանակվել է Դավիթ Փափազյանը։ Նա 2006-2007թթ.ին աշխատել է լոնդոնյան UBS, London ընկերությունում` որպես վերլուծաբան, 2007-2009թթ.–ին` մոսկովյան Merrill Lynch ընկերությունում` որպես վերլուծաբան, 2009-2014թթ.ին եղել է Innova, Moscow & Luxembourg ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ 2016–ին ընտրվել է «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ։