Հայաստանն առաջինն արձագանքեց Սիրիային օգնելու կոչին. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` Դավիթ Տոնոյանին Սիրիա մարդասիրական առաքելութուն ուղարկելու համար։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով` երկրների համագործակցման ավանդույթը բազմաթիվ անգամ հաստատվել է տարիներ շարունակ համատեղ գործողություններով ու հաջող ծրագրերով։

«Շնորհակալություն եմ հայտնում Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի ժողովրդին օնգություն ցուցաբերելու մեր կոչին», – ասել է Շոյգուն` նշելով, որ այդ քայլը մեծ ներդրում է Սիրիայի խաղաղ կյանքը վերականգնելու գործում։

Շոյգուն հուսով է, որ այսօր հերթական փաստաթուղթը կստորագրվի, որը թույլ կտա ընդլայնել դաշնակցային համագործակցության շրջանակը։

Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Սիրիայում մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում օժանդակելու համար։

Հայ մասնագետների խումբն արդեն Սիրիայում է. լուսանկարներ

Հիշեցնենք` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր` փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)։

Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ: