Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում կմնա՞. բժիշկը խոսել է նրա վիճակի մասին

Բժիշկները զննում են նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, հնարավոր է, մնա «Նաիրի» բժշկական կենտրոնում, ուր նրան այսօր տեղափոխել են առողջական վիճակի վատթարացման պատճառով, սակայն ամեն ինչ հետազոտությունների արդյունքներից է կախված։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, անեսթեզոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունին։

Մինչ այդ կալանավորված Մանվել Գրիգորյանի փաստաբաններն ասել էին, որ նա քաղցկեղ ունի, նրա թոքի կեսը չի գործում, շաքարի մակարդակն օրգանիզմում բարձր է և այլն։

Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց

«Նրան պահակախմբի ուղեկցությամբ են բերել։ Գրիգորյանի վիճակը կայուն է։ Հիմա բժշկական զննում է անցնում։ Պատասխանները ստանալուց հետո պարզ կլինի՝ կմնա՞ նա հիվանդանոցում, թե՞ ոչ», – ասաց Գնունին։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ նախկին պատգամավորի հիվանդասենյակի մոտ իրավապահ մարմինների աշխատակիցներ են հերթապահում։ Պարբերաբար բժիշկներ ու բուժքույրեր են հիվանդասենյակ մտնում։

Մեր տեղեկության համաձայն`Գրիգորյանն արդեն մի շարք հետազոտություններ է անցել, այդ թվում` համակարգչային տոմոգրաֆիա։ Բացի այդ, պացիենտին ուռուցքաբանն է զննել։

Հիշեցնենք, որ 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։ Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։ Դատարանը բավարարել էր բողոքը։ Դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանը դարձյալ վերադարձել էր կալանավայր։