Հայաստանը կարտադրի ոչ թե տանկեր, այլ ինֆորմացիոն զենքեր. նախարար

Ստեղծվող նոր նախարարություններից մեկը կոչվելու է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և հիմնականում զբաղվելու է ռազմական արդյունաբերությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Նախաձեռնողական, ռիսկ վերցնելու և իրականացնելու ծրագիր: Կառավարության հաստատված ծրագիրն այսօր այսպես բնորոշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ծրագրում թվեր չկան, նախարարը չհամաձայնեց` նշելով, որոշ թվային տվյալներ, այնուամենայնիվ, ծրագրում առկա են: «Կխնդրեի ոչ միայն թվեր ման գալ, այլ թեզեր ման գալ ու տեսնել` կառավարությունն ինչպիսի տեսլական ունի Հայաստանի ապագայի հետ կապված»,-ասաց նա:

Անդրադառնալով իր ղեկավարած ոլորտին` Արշակյանը նշեց, որ շեշտակի զարգանալու է ռազմաարդյունաբերական արտադրության, գիտատեխնիկական ոլորտը:

«Երբ ասում ես ռազմաարդյունաբերություն, մարդիկ ընկալում են, որ տանկ է արտադրվելու: Ես ուզում եմ ասել, որ հիմա աշխարհում լիովին փոխվել են մարտի վարման կանոնները, օգտագործվում են նոր, արդիական տեխնոլոգիաներ, ռադիոէլեկտրոնային, ինֆորմացիոն զենքեր, անօդաչու թռչող սարքեր, կապի միջոցներ, կապի խափանման միջոցներ, որով տեղորոշման կայաններին ուղղակի հարված է հասցվում, հարվածային տեխնիկայի արդիականացման, դրանց ճշգրտման միջոցներ»,- ասաց նախարարը:

Պատասխանելով կառավարության կառուցվածքի փոփոխությանը վերաբերող հարցերին` նախարարը նշեց, որ իր ղեկավարած կառույցը, նախնական տվյալներով, կոչվելու է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Բայց չբացառեց, որ քննարկումների ավարտին այն կարող է փոխվել: