ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է անցած տարվա դեկտեմբերին Երևանի դեղատներից մեկում կատարված գողության տեսանյութը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:15-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեղատան պահարանից հափշտակել է գումար՝ պատճառելով նյութական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեղատանը տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
ՔՆԿ–ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: