Երևանը մնաց առանց «Վերին Լարսի» այլընտրանքի. ռուս–վրացական բանակցությունների արդյունքները

Հայտնի են Վրաստանի, Ռուսաստանի ու SGS շվեյցարական ընկերության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն այս անգամ էլ մնաց առանց «Վերին Լարսի» ճանապարհի այլընտրանքի։ Այս մասին կարելի է դատել Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունների մասին առաջին հաղորդագրություններից։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ամփոփիչ հայտարարություն է արել Վրաստանի, Ռուսաստանի ու  SGS շվեյցարական ընկերության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Այդ հայտարարությունից հետո մի շարք փորձագետներ Երևանում ու Թբիլիսիում կարծիք էին հայտնել, որ «Վերին Լարսի» խնդիրը մինչ փետրվարի վերջ կլուծվի։ Խոսում էին Հարավային Օսեթիայով անցնող Տրանսկամ այլընտրանքային երթուղու բացման մասին։

Լարսի լավագույն այլընտրանքը. ի՞նչը կօգնի հայկական բեռները ժամանակին հասցնել Ռուսաստան

Թբիլիսիում ընդդիմադիր ուժերը կտրուկ քննադատում էին գործող իշխանություններին, մեղադրելով,  որ այդ երթուղին բացելու համաձայնություն տալով նրանք փաստացի կճանաչեն Աբխազիայի ու Հարավայն Օսեթիայի անկախությունը։

Իրականում ամեն ինչ այլ կերպ է։ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց` որոշ առաջընթաց կա կապված 2011 թվականի «Մաքսային վարչարարության մեխանիզմների և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական համաձայնագրի քննարկման հետ։

«Կարելի է ասել, որ հանդիպման շրջանակում առաջին համատեղ քայլն արվեց», – հակիրճ ասաց Աբաշիձեն։

Նա նշեց, որ Թբիլիսիից ու Մոսկվայից արդեն հնչած հայտարարություններին ավելացնելու բան չունի։

Կարասինը խոսեց «Վերին Լարսի» այլընտրանքային նախագծի մասին

Մասնավորապես Ռուսաստանի  ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին հանդիպման շրջանակում աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշում է կայացվել։

«Հանդիպման ընթացքում SGS (Société Générale de Surveillance SA) չեզոք ընկերությունը, որին Ռուսաստանն ու Վրաստանը լիազորել են 2011 թվականի պայմանագրով նախատեսված մոնիտորինգային ծառայություններ մատուցել, իր մանդատի շրջանակում անցկացված աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացրել։ Նաև Համաձայնագրի իրականացման հետ կապված այլ հարցերի քննարկում է տեղի ունեցել։  Կարծիքների փոխանակումը նախատեսվում է շարունակել հանդիպման ընթացքում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում», – նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Վրացական կողմը, ավելի ճիշտ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը նույնպես նշում է, որ համաձայնագրի հետ կապված հարցերի հետագա քննարկումը կշարունակվի նոր աշխատանքային խմբի շրջանակում։

Ստացվում է, որ այդ խումբը առաջին հանդիպման միակ ձեռքբերումն է։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը դրանում ոչ մի զարմանալի բան չի տեսնում։

«Ստեղծված աշխատանքային խումբը պարբերաբար հանդիպումներ է անցկացնելու ու շվեյցարական ընկերության օգնությամբ կարգավորելու է համաձայնագրի հետ կապված վիճելի հարցերն ու տարաձայնությունները»,– ասաց Մելիքյանը:

Դուրս գալ «Վերին Լարսի» գերությունից. կփրկվեն արդյո՞ք բեռնափոխադրողները

Փորձագետը կարծում է, որ սա նշանակում է` քաշքշուկներով լի նոր գործընթաց է սկսվել, որը կշարունակվի մինչև հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, իսկ համաձայնագրի իրագործման մասին դեռ խոսք անգամ չկա։

Հիշեցնենք` Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների ավելի քան 80%–ն իրականացվում է 19-րդ դարի սկզբում նորոգված և Ռազմավրացական անվանումը ստացած ճանապարհով, որը մինչ այդ գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Դրա մասին պատմում է նույնիսկ հույն պատմիչ Ստրաբոնը: «Վերին Լարսը» Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետն է։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտրելի է Նառ (Հյուսիսային Օսեթիա)–Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայով։

Այն երկար է Լարսից 80 կմ–ով, բայց նախընտրելի է ավելի բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի շնորհիվ։