ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Բելառուսական կողմը հույս ունի լուծել իր թեկնածուի` Ստանիսլավ Զասի այդ պաշտոնում նշանակման հարցը կազմակերպության բոլոր անդամ երկրների կոնսենսուսի հիման վրա։
Ինչպես փոխանցում է Sputnik Բելառուսը, այս մասին այսօր լրագրողներին ասել է ինքը` Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը։
Վերջերս Երևանի ու Մինսկի միջև տարաձայնություններ են առաջացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ։ Տարաձայնությունները սկսվեցին, երբ Հայաստանը հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Հայաստանը պնդում է, որ այդ պաշտոնը պետք է իրեն վերապահվի մինչ 2020 թվականը։ Միաժամանակ Բելառուսը առաջարկում է այդ պաշտոնում իր թեկնածուին` Անվտանգության քարտուղար Ստանիսլավ Զասին։ Բախումը կազմակերպության ներսում մինչ այժմ լուծում չի ստացել։
«Կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում։ Սակայն սա լավագույն տարբերակը չէ։ Նման որոշումները կոնսենսուսով են ընդունվում», – ասել է Զասն այսօր լրագրողներին։
Նրա կարծիքով` կոնսենսուսի հիման վրա կայացրած որոշումը նորմալ, անխափան աշխատանքի գրավականն է։
«Հուսով ենք` կոնսենսուսի հիման վրա նման որոշումը կընդունվի առաջիկայում», – ասել է նա։
Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն նշել է, որ նշանակման գործընթացում դեռ առաջխաղացում չկա։ Զասը կրկին հաստատեց, որ պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն դեռ Երևանից պատասխան չի ստացել։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Ու թեև այդ կառույցը ղեկավարելու ժամկետը Հայաստանի համար սպառվում է 2 տարուց, Բելառուսն այդ պաշտոնում ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը և ստացել կազմակերպության մի շարք անդամների համաձայնությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության համաձայն` նոր գլխավոր քարտուղարը նշանակվում է լիակատար կոնսենսուսով: