ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու վերաբերյալ:
Այս մասին վարչապետը գրառում է արել Twitter-ի իր էջում:
«Ես ողջունում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը: Դա համերաշխության հզոր դրսևորում է, որը ցույց է տալիս մարդու իրավունքների պաշտպանության և զանգվածային վայրագությունները կանխելու վճռականությունը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:
Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել էր՝ Մակրոնին մեղադրելով քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունները գործիք դարձնելու մեջ:
Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: