Արմավիրցին աթոռով հարվածել է հոր գլխին. 51 տարեկան տղամարդուն արգելել էին մոտենալ ծնողին

Մինչ իրավապահներն արմավիրցի տղամարդուն արգելել են մոտենալ հարազատ հորը, նա գնացել է հոր տուն ու աթոռով հարվածել նրա գլխին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանում ընտանեկան բռնության հերթական դեպքն է բացահայտվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն`2018թ. նոյեմբերի 20-ին` ժամը 11:30-ին, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդը բռնություն է գործադրել հոր նկատմամբ:

Հայաստանում ավելացել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. մայրերը սպանել են նորածիններին

Այս դեպքից հետո դատարանը տղամարդու նկատմամբ կիրառել է անհետաձգելի միջամտության որոշում, որով նրան 20 օրով արգելվել է մոտենալ բռնության ենթարկված հորը:

Բայց նա, դատական որոշումը խախտելով, հենց նույն օրը` 19:25-ին, դարձյալ գնացել է հոր տուն և աթոռով հարվածել նրա գլխին:

Իրավապահները դարձյալ անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում են կայացրել` այս անգամ նրան արգելելով 20 օր 100 մետր հեռավորությունից ավելի չմոտենալ բռնության ենթարկված հորը:

Միաժամանակ նրան մեղադրանք է առաջադրվել դատարանի որոշումը չկատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: