Օսիպյանն անակնկալ այցեր է կատարել ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ. տեսանյութ

Ոստիկանության պետը զրուցել է այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնող քաղաքացիների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը փետրվարի 6-ին անակնկալ այց է կատարել ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օսիպյանը զրուցել է մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին:

Ոստիկանության պետը հետևել է հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջել ծառայության վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության պետը զրուցել է նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնող քաղաքացիների հետ ու հետևել քննության ընթացքին:

Օսիպյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, դիտողություններ արել ու թերությունները վերացնելու համար տվել կոնկրետ հանձնարարականներ:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն անակնկալ այցեր է կատարել նաև ոստիկանության Էրեբունու, Կենտրոնական բաժիններ ու անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք, շրջել ստորաբաժանումների բոլոր ծառայություններում, զրուցել քաղաքացիների հետ:

Այցերի ընթացքում նա մատնանշել է թերություններն ու բացթողումները, ցուցումներ տվել կարճ ժամանակում վերացնել դրանք ու քաղաքացիներին մատուցել ավելի բարձրորակ ծառայություն:

Ոստիկանությունը հայտնում է, որ նմանատիպ անակնկալ այցերը կրելու են շարունակական բնույթ: