Հրաժարականները շարունակվում են. աշխատանքից ազատվում է ՔԿ նախագահի խորհրդականը

Պետական ապարատում վերջին օրերին իրար հաջորդող հրաժարականներին ավելացավ ևս մեկը։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը գնում է մասնավոր ոլորտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տռուզյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հաստատել է տեղեկությունը։

Բարեգործությունը չփրկեց. Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից

«Տեղեկացնում եմ, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ներկայացրել եմ ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում։ Այս ընթացքում շարունակել եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, քանի դեռ դիմումը, սահմանված կարգով, մակագրված չէր»,– գրում է Տռուզյանը։

Նա նաև հայտնում է, որ մտադիր է հետագա մասնագիտական գործունեությունը շարունակել մասնավոր ոլորտում։

Սոնա Տռուզյանը ՔԿ նախագահի խորհրդական էր նշանակվել 2014թ–ին, երբ կազմավորվել էր Քննչական կոմիտեն։ Նա այստեղ էր տեղափոխվել Գլխավոր դատախազությունից` Աղվան Հովսեփյանի` ՔԿ նախագահ նշանակվելուց հետո։ Մինչ այդ նա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհրդականն էր, դրանից առաջ` մամուլի քարտուղարը։