«Եթե փոփոխություններ ենք ուզում, ապա պետք է փոխվենք բոլորս». Շիրակի մարզպետ

Շիրակի նորանշանակ մարզպետը, որն ապրում է Գյումրու ծայրամասում, խոստանում է գործել բաց ու թափանցիկ։ Նա արդեն գիտի իր առաջնահերթ անելիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզում դրական ցնցումներ կլինեն։ Նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանն այս մասին ասաց այսօր` փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Էքստրիմալ դրական ցնցումներ կլինեն։ Եթե ուզում ենք փոփոխություններ, ապա պետք է փոխվենք բոլորս»,– ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ մարզում անօթևանության և աղքատության նվազման հետ կապված մեծ անելիք կա և այդ թեմայով խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մենք ունենք դեպքեր, երբ հումանիտար աղետի եզրին են մարդիկ, ընտանիքները։ Մեր պարագայում առաջնահերթություն են անօթևանության և աղքատության խնդիրները»,– ասաց նա:

Ո՞վ է Շիրակի նոր մարզպետը

Պետրոսյանի խոսքով` հաջորդ քայլն էլ կապված է լինելու ներդրումային միջավայրի հետ։

«Նախ այդ հարցը պետք է լուծվի Շիրակում չբնակվող շիրակցիներին ներգրավվելով: Մենք մեծ պոտենցիալ ունենք այս հարցում: Հաջորդ ուղղությունը կլինեն օտարերկրյա ներդրումները»,- ասաց մարզպետը։

Նորանշանակ մարզպետն անդրադարձավ նաև տարբեր կառույցների օպտիմալացման ծրագրերին` նշելով, որ աշխատելու են գործընթացը հնարավորինս անցնցում իրագործել:

Պետրոսյանը խոսեց նաև մարզի ռեսուրսներն օգտագործելու կարևորության ու անհրաժեշտության մասին։

«Շիրակի մարզն առաջին հերթին հայտնի է իր մարդկանցով, մարդկային ռեսուրսով: Ցավոք, մարդկային կապիտալի արժեքավոր մասը դրսում է: Մարզն ունի այնպիսի հնարավորություններ, որոնք չեն օգտագործվում: Շիրակի ձմեռը սոցիալապես անապահով մարդկանց համար հոգս է, բայց կա նաև հսկայական ներուժ. Արփա լճից մինչև Հայկաձոր ունենք չռեալիզացված հնարավորություններ»,- նշեց Պետրոսյանը` նկատի ունենալով ձմեռային զբոսաշրջության զարգացման հեռանկարը:

Լրագրողների հետաքրքրությունը բավարարելով` նա նաև նշեց՝ ունի մեքենա, բնակվում են քարե շենքում ՝ Գյումրու ծայրամասում, դեռ անցյալ տարի կնոջ հետ որոշել են հիփոթեքով բնակարան գնել: Գործելու է բաց ու թափանցիկ, իսկ մարզի խնդիրները լուծելու համար պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, այդ նպատակով ոչ ֆորմալ հանդիպումներ է նախատեսում տարբեր ոլորտների մարդկանց հետ: