ՌԱԴԻՈ

Աղամյան. «Ամո՛թ է, մեր երկիրը չի կարող նման զինանշանով հանդես գալ»

Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հայաստանի զինանշանի թերությունների մասին:
Sputnik
Աղամյան. «Ամո՛թ է, մեր երկիրը չի կարող նման զինանշանով հանդես գալ»

Աղամյանը կարծում է, որ Հայաստանի զինանշանի վրա աղաղակող թերություններ կան։

Ըստ նրա` այնտեղ կան անթույլատրելի խախտումներ, որոնք նաև վնասաբեր են:

«Ըստ հերալդիկայի օրենքի` առյուծը պետք ժանիքներ ցույց տար, բաշը երևար, իսկ մեր մոտ փակ է բերանը, բաշ չունի, առյուծը հիվանդ է, լացակումած արտաքին ունի, նա մեզ չի պաշտպանի, ներքևում սուրը շղթայված է և չունի ծայր: Իսկ սրի իմաստը ծայրն է, ոչ թե շղթայված կոթը»,- ասում է նա։

Աղամյանի խոսքով` զինանշանին պատկերված է ճյուղ, բայց հայտնի չէ, թե ինչ ճյուղ է, կարծես ցախավել լինի: Պատկերված է ժապավեն, դա էլ չպետք է լինի, քանի որ մեր երկիրը չունի կարգախոս: Ավելին` ժապավենն էլ դատարկ է և թարս է նկարված: Աղավաղված են նաև կենտրոնական մասում վահանի վրա պատկերված մեր թագավորությունների խորհրդանիշերը:

«Ամոթ է, մեր երկիրը չի կարող նման զինանշանով հանդես գալ, մեր պետական այրերն են զինանշանի ներքո հանդես գալիս: Շատ եմ ափսոսում»,- ասում է Աղամյանը: