Գյումրու քաղաքապետարանին մեղադրել են անգործության մեջ՝պահանջելով 55 մլն դրամի փոխհատուցում

Գրքիկյանները դիմել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի ազգականները դատի են տվել Գյումրու համայնքապետարանին՝  մեղադրելով անգործություն ցուցաբերելու մեջ:

Ո՞վ է Շիրակի նոր մարզպետը

Հայցվորների պնդմամբ` իրենց պատկանող Գյումրու Բորյան փողոցում գտնվող առևտրի և սպասարկման երկհարկանի օբյեկտը, որի մեջ մտնում է նաև «Դվին» հանդիսությունների սրահը, 45 ամիս շարունակ՝ 2013 թվականից հուլիսի 24-ից մինչև 2017 թվականի ապրիլի 30-ը, կամայականորեն թույլ չեն տվել շահագործել: Ըստ հայցվորների, այս ամենի հետևանքով իրենք կրել են հիսունհինգ միլիոն չորս հարյուր երեսունմեկ հազար հինգ հարյուր քառասուն դրամի (55 431 540) վնաս: Գրքիկյանները դիմել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջով:

Գյումրու համայնքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տվյալ  հայցը որակեց  «զավեշտալի»:«Այս  հայցը զավեշտալի է, քանի որ խոսքը գնում է Գրքիկյաններին պաշտպանող «Դվին»  ռեստորանային համալիրի մասին, իսկ ինչպես գիտեք` Գյումրիի և  հարակից համայնքների բնակիչների մեծ մասը, տարիներ շարունակ այդ համալիրում հարսանիքների, կնունքների ու այլ միջոցառումների են մասնակցել: Տարիներ շարունակ այդ օբյեկտները շահագործվել են»,-նշեց Վաղարշակ Մխիթարյանը՝  հավելելով «համայնքը ոչ մի գումար վճարելու պարտավորություն չունի»:

Համայնքապետարանի իրավաբանական բաժինը ուսումնասիրել է հայցադիմումը և  դատարան է ներկայացրել պատասխան, որում նշված է ,որ հայցադիմումը անհիմն է և  զուրկ իրավական որևէ հիմնավորումից: