ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 35-ամյա Լևոն Պաչաջյանը գտնում է, որ եթե ֆուտբոլիստը խաղադաշտում կատարում է մարզչական առաջադրանքը, ապա նրա տարիքը չպետք է խանգարի նույնիսկ հավաքականում խաղալու համար:
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում փորձառու ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս Շվեդիայում, նշում է, որ իհարկե, մարզիչն է ընտրում թիմի կազմը, ու դա կախված է թե՛ խաղի կարևորությունից, թե՛ մրցակցի խաղամակարդակից. «Եթե մարզիչն ուզում է արդյունքի հասնել, ասենք, մի քանի խաղերում, կարծում եմ փորձառու ֆուտբոլիստների միջոցով դա կարելի է անել: Հասկանում եմ, որ կա նաև սերունդների փորձարկման հարցը` այս կամ այն դիրքում կարող են փորձարկվել ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ, արդեն ապագայի համար: Բայց եթե կարևոր խաղեր են ու առաջնայինն արդյունքն է, ապա փորձառու ֆուտբոլիստներն ավելի օգտակար կարող են լինել»:
Կար ժամանակ, երբ Հայաստանում մինչև 25 տարեկան ֆուտբոլիստը համարվում էր երիտասարդ ու հեռանկարային, իսկ 25-ից հետո արդեն ոմանք ֆուտբոլիստներին վետերան էին անվանում: Հասկանալի է, որ տարիքի հետ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է կորցնել որոշակի որակներ՝ արագություն, ֆիզիկական պատրաստականություն:
Սակայն ֆուտբոլային պրակտիկայում քիչ չեն օրինակները, երբ, այսպես ասած, ոչ ֆուտբոլային տարիքի ֆուտբոլիստները խաղադաշտում թիմին պարգևել են ցանկալի արդյունք: Լավագույն օրինակն անգլիացի Տեդի Շերինգեմն էր, ով 33 տարեկան հասակում Չեմպիոնների լիգայի 1999 թվականի եզրափակիչում, «Բավարիայի» դեն խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձավ վճռորոշ գոլի հեղինակ։
Այս ամենի մասին գրելով բնավ էլ չենք ուզում ինչ-որ մեկին, պարտադրել այս կամ այն խաղացողին հավաքական հրավիրել: Բայց, միևնույն ժամանակ, կարծում ենք, որ մարզչական տեսադաշտում պետք է գտնվեն բոլոր ֆուտբոլիստները` անկախ տարիքից: Ու եթե ֆուտբոլիստը կհամապատասխանի պահանջներին, արդեն կապ չունի նա 19, թե 35 տարեկան է: