Արզումանյանը միանգամից երեք երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ կլինի

ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի, Դանիայի և Նորվեգիայի դեսպան` համատեղության կարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ վարչապետի առաջարկով ու ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Ինչպես պարզ է դառնում ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից, նա համատեղության կարգով իրականացնելու է նաև Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունները։

Նշենք, որ Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից Դանիայում ՀՀ դեսպանն է։

Ալեքսանդր Արզումանյանը 1991-1992 թվականներին եղել է ՀՀ լիազոր ներկայացուցիչ Հյուսիսային Ամերիկայում, 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։

1996-1998 թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։