Ավազակային հարձակում Արմավիրում. 69–ամյա կնոջը վնասվածներով տեղափոխել են հիվանդանոց

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Արմավիրում ավազակային հարձակում է իրականացվել 69–ամյա կնոջ նկատմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ երեկ՝ փետրվարի 6-ին, ժամը 21։40-ի սահմաններում 2 դիմակավորված անձ թակել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Գ. Խ-ի բնակարանի դուռը։

Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձինք թալանել են «Նոր Զովք» սուպերմարկետը

Երբ վերջինը բացել է դուռը, «հյուրերը» մուտքի մոտ սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ են հասցրել վերջինիս որովայնին և պատճառել մարմնական վնասվածք։ Ապա` փորձել են գողություն կատարել, սակայն տանտերն աղմուկ է բարձրացրել, ու նրանք դիմել են փախուստի։

Տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դիմակավորված ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։