Մնացականյանը Էստոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ստեղծագործ կրթության օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին և արձանագրված հաջողություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 7-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիթսութի հետ։

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ՌԴ ԱԳՆ–ն չի հայտարարում Մնացականյանի և Մամեդյարովի հետ Լավրովի հնարավոր հանդիպման մասին

Նախարար Մնացականյանը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես երկու երկրների միջև փոխգործակցության առավել ամրապնդման հարթակի և վերահաստատել է հայկական կողմի՝ այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Էստոնիայի խորհրդարանի Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ կառավարության գերակա առաջնահերթություն է ազգային զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյունն է բարձր տեխնոլոգիաների և նորարար մոտեցումների վրա հիմնված տնտեսությունը: Այդ առումով նախարարը բարձր է գնահատել Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ ավելի վաղ տեղի ունեցած մտքերի փոխանակումը, ինչպես նաև տվյալ ոլորտում երկու երկրների մասնագետների միջև շփումների ակտիվացումը:

Անպայման կտեղեկացնեն. ՀՀ ԱԳՆ–ն` Մնացականյանի ու Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը` Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը` նշելով, որ այն ոչ միայն հանդիսանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հենքը, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար՝ խրախուսելու ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումները։

Նույն օրը տեղի է ունեցել նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայ-էստոնական խորհրդարանական խմբի նախագահ Հաննես Հանսոյի հետ:

Զրուցակիցները համակարծիք էին, որ դարերի պատմություն ունեցող և ընդհանուր արժեքների վրա հիմնած հայ-էստոնական գործընկերային հարաբերություններն ունեն առավել զարգացման և ընդլայնման ներուժ՝ հանձնառություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ստեղծագործ կրթության օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին և արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի, Dasaran.am կրթական հարթակի:

Նրանք կարևորել են երկու երկրների առկա դրական փորձի և հիմքի վրա համագործակցություն ծավալելու հնարավորությունը: