Ռուսաստանցիները նախընտրում են սուրբ Վալենտինի օրը Երևանում անցկացնել

Պահանջված ուղղությունների շարքում են Ստամբուլը, Բարսելոնան և Բանգկոկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Շատ ռուսաստանցիներ նախընտրում են սուրբ Վալենտինի օրը նշել Երևանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հիմնվելով Biletix ծառայության տվյալների վրա։

Ծառայության փորձագետները վերլուծել են հաճախորդների ամրագրումները փետրվարի 11-17–ը։

Ներքին ուղղությունների շարքում ռուսաստանցիների համար պահանջված են Սոչին, Մինվոդին, Մոսկվան, Սիմֆերոպոլը և Կրասնոդարը։

Հայտնի է` որքան գումար են ծախսել ռուս զբոսաշրջիկները Հայաստանում Ամանորին

Միջազգային ուղղությունների շարքում Երևանից բացի սիրահարների օրը ռուսաստանցիները ցանկանում են նշել Բանգկոկում, Թբիլիսիում, Բարսելոնայում և Ստամբուլում։

Ծառայության վերլուծաբանները նշել են, որ օգտատերերի հարցումների 62 տոկոսը բաժին է ընկնում ներքին ուղղություններին, 38 տոկոսը` միջազգային։

Թռիչքի արժեքը մեկ տարում բարձրացել է։ Այսպես, Ռուսաստանում երկու ուղղությամբ ավիատոմսերի միջին արժեքը 5 910 ռուբլուց դարձել է 7 377 ռուբլի, այսինքն`24 տոկոսով, արտասահման` 17 862 ռուբլուց մինչև 21 129 ռուբլի կամ 18 տոկոսով։

Հիշեցնենք, որ 2018թ–ի հունվար–սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար մարդ, ինչը 8,8 տոկոսով ավելի է 2017թ.–ի նույն շրջանի համեմատ։ Դա պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի աճով` ավելի քան 500 հազար, ինչը 17,3 տոկոսով բարձր է 2017թ.–ի ցուցանիշից։

Երկրորդ հորիզոնականում Վրաստանն է` ավելի քան 250 հազար այցելուներով։ Բայց այդ ցուցանիշն անցած տարվա նույն շրջանի համեմատ նվազել է 2,8 տոկոսով։ Առայժմ հայտնի չէ, թե դա ինչով է պայմանավորված, ֆեդերացիան մտադիր է ուսումնասիրել այդ հարցը։

Այս տարի Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսևորել ճանապարհորդները Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Իտալիայից և ԱՄՆ–ից։