Համագործակցության նոր հեռանկարներ բարեկամ Ֆրանսիայի հետ. նախագահը Փարիզում է

Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Սարգսյանի կամացուկ «շնորհակալությունը», զինծառայողների պարգևատրման արարողության կադրերը

Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների ու մասնագետների, լավ գործընկեր կարող է լինել ֆրանսիական կողմի համար։ Համաձայնություն է ձեռքբերվել ապրիլ ամսին ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին՝ հստակեցնելու գործակցության կոնկրետ ծրագրերը։

«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: