ՀԾԿՀ–ն նախազգուշացրեց «Գազպրոմ Արմենիային»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարող է որոշումը բողոքարկել երեք ամսվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօրվա նիստում նախազգուշացում արեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Որոշումը կապված էր ամենամյա հաշվետվություն ներկայացնելու ժամկետը խախտելու հետ։

Ընկերությունը կարող է եռամսյա ժամկետում բողոքարկել որոշումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի` կոմերցիայի և արտաքին կապերի գծով տեղակալի պաշտոնակատար Վախթանգ Միրումյանը խոստովանեց, որ ժամկետները խախտվել են, բայց եթե տեղեկությունը ժամանակին ուղարկեին, այն ստույգ չէր լինի։

«Ընկերությունն առաջնորդվել է հավաստի տեղեկատվություն ներկայացնելու սկզբունքով», – ասաց Միրումյանը։

«Գազպրոմ Արմենիային» նախազգուշացնելու մասին նախագծում նշված է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ը «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել նախատեսված ժամկետից երեք օր ուշ` դեկտեմբերի 28–ին:

«Գազպրոմ Արմենիան» ավելի վաղ հայտարարել էր, որ հետաձգումը պայմանավորված է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաքումների ծավալների շուրջ տարաձայնություններով և հոկտեմբերին նշանակված տույժերով, ինչպես նաև հաշվետվության տեքստում շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ։

ՀԾԿՀ–ում նշեցին, որ «Գազպրոմ Արմենիայի» հիմնավորումները չեն կարող անհրաժեշտ տեղեկատվությունն ուշ ներկայացնելու օբյեկտիվ պատճառ համարվել։