Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ իր երկիրն առաջիններից մեկն է ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի: Reuters–ը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին հայտարարել է երեկ` փետրվարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում», - ասել է Մակրոնը` ավելացնելով, որ ուժերի ներածին չափով պայքարելու է ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը:

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է` Ֆրանսիան առաջին երկրներից մեկն է, որ ճանաչել ու դատապարտել է Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը։

Թրյուդո.Կանադան պայքարում է դաժանության դեմ և հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Նշենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001 թվականին։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։