Վերաքննիչ դատարանը չեղարկել է Մարտի 1–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի կալանավորումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի կալանավորման մասին, սակայն վերադաս ատյանը չեղարկել է այդ որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր տեղի ունեցած նիստում որոշել է բավարարել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի բողոքը հեռակա կալանավորումը չեղարկելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Որոշում է կայացվել կալանքի չեղարկման մասին, գործը կրկին առաջին ատյանի դատարան է ուղղվել», – ասաց Պողոսյանը։

Սերժ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ. ԶԼՄ

Վահագն Հարությունյանին նախկինում առաջադրված Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է երկու նոր մեղադրանքներով:

Հարությունյանն այժմ մեղադրվում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Հիշեցնենք` ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանը կեղծել են 2008 թ.-ի մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները։

Ըստ մեղադրանքի` Արթուր Հովհաննիսյանը, օժանդակելով Վահագն Հարությունյանին, նրա կազմակերպմամբ փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքները նա ամրագրել է իր իսկ տված եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ: