ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի և Կատարի միջև աճող առևտրաշրջանառությունը, այդ երկրից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, ձեռք է բերվել պայմանավորվածություն Կատարի Պետությունում բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն:
Որոշումն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ Դեսպանատունը տեղակայված է լինելու Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Ըստ պայմանավորվածության` Կատարի Պետությունում ՀՀ դեսպանության պահպանման 192.584 ԱՄՆ դոլար ծախսից 110.000 ԱՄՆ դոլարն առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, մնացած 82.584 դոլարը կֆինանսավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը:
Կատարը նաև տրամադրելու է դեսպանության համար տարածք, դեսպանի համար կեցավայր և 2 ծառայողական ավտոմեքենա: