Կառավարությունը չզիջեց էլեկտրաէներգիա արտահանելու ու ներկրելու մենաշնորհը

Էլեկտրաէներգիա արտահանելու ու ներկրելու մենաշնորհն այսուհետ կվերապահվի ՀՀ կառավարությանը։ «Էներգաիմպեքս» ընկերությունը դուրս է բերվել մասնավորեցման ցանկից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերությունը չի մասնավորեցվի։ ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում ընդունվեց ընկերությունը պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ցանկից հանելու մասին։

Կառավարությունը կրճատում է էներգետիկ ոլորտի գիտահետազոտական հիմնարկների թիվը

Միաժամանակ «Էներգաիմպեքսի» կառավարման լիազորությունները վերապահեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:

Ըստ կառավարության որոշման հիմնավորման` Հայաստանում էլեկտրաէներգիայի արտահանման և ներկրման իրավունքը կվերապահվի նախարարությանը։

Բանն այն է, որ օրենքով միայն այս ընկերությունն իրավունք ունի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, մեծածախ շուկայում վաճառելու և արտահանելու։

Ի դեպ, նույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում էլեկտրական էներգիայի բաշխման (ՀԷՑ ՓԲԸ) և փոխադրման (ԲԷՑ ՓԲԸ) լիցենզիա ունեցող ձեռնարկություններն այսուհետ զրկված են ներկրում կամ արտահանում իրականացնելու իրավունքից և հանդես են գալիս բացառապես որպես ծառայություններ մատուցող սուբյեկտներ։

Արտահանման իրավունք է տրվել նաև էլեկտրական էներգիայի արտադրող ընկերություններին։