ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Կառավարությունը հաստատեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Վարդան Ուռուտյանի ընտրության արդյունքները: Այս որոշումը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա հայտնեց, որ Ուռուտյանն ընտրվել է 2018 թվականի դեկտեմբերի 25-ին, հոգաբարձուների միաձայն որոշմամբ։
Նախարարը նշեց, որ բուհերում իրականացվում է ապաքաղաքականացման գործընթաց։
«Հոգաբարձուների խորհուրդներում այժմ պաշտոնյաներ գրեթե չկան»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շեշտեց, որ բուհերի ապաքաղաքականացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։
«Բարձրագույն կրթության մեջ գիտական ու գործնական աշխատանքը պետք է մեծ տեղ ունենա»,- ռեկտորին շնորհավորելով` ասաց վարչապետը՝ հավելելով, որ գյուղատնտեսական ոլորտի որոշ գիտահետազոտական ծրագրեր կառավարությունը կարող է պատվիրակել ագրարային համալսարանին։
Կառավարության նիստին ներկա նորանշանակ ռեկտորը շեշտեց, որ բուհում մտադիր են միավորել, տեսական, գործնական ու գիտաարտադրական ուսուցումը։
Համալսարանի Կանոնադրության 39-րդ կետի համաձայն` համալսարանի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ հոգաբարձուների խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
Վարդան Ուռուտյանը ծնվել է 1977թ. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի: