Մխիթար Հայրապետյանը բացատրեց` ինչու է շնորհակալ Արմեն Աշոտյանին

«Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը հանդիպել է Արմեն Աշոտյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Եվրանեսթում» ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր` փետրվարի 5-ին, լրագրողներին պատմեց, թե ինչ է խոսել պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ հունվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ։

«Ես եմ առաջարկել հանդիպել պարոն Աշոտյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վեցերորդ գումարման ԱԺ-ում Եվրանեսթի պատվիրակությունը ղեկավարել է պարոն Աշոտյանը: Խոսել ենք արդեն իսկ իրականացված աշխատանքների մասին։ Խոսել ենք նաև ներքին խոհանոցային տարատեսակ հարցերից, ինչպես նաև, թե ինչ հակահայ բանաձևեր կարող ենք ակնկալել 2019 թվականի աշնանը սպասվող լիագումար նիստին և հնարավոր ինչ հակամեխանիզմներ պետք է ձեռնարկի հայկական պատվիրակությունը,– ասաց Հայրապետյանը։

Նա նշեց, որ մտքերի ու փորձի փոխանակում է եղել, ինչի համար շնորհակալություն է հայտնել Աշոտյանին։

Նշենք, որ «Եվրանեսթում» ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական կայքում հայտնել էր, որ հանդիպել է Մխիթարյանի հետ` նշելով, որ շատ ճիշտ է վարվել։