Ի՞նչ տեսք կունենա «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակը. ներկայացրել է Հայկ Մարությանը

Այս թեման քննարկվել է նաև նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք։ Ծրագիրը ներառված էր Երևան քաղաքի գլխավոր հատակագծում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել, որից երևում է, թե ինչ տեսք կունենա «Հայրենիքի կինոթատրոնի» խաչմերուկն ու հարակից տարածքը` նախատեսված վերանորոգումն իրականացնելուց հետո։

«Պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը»,–գրել է նա:

Հրապարակված կարից պարզ է դառնում, որ նախատեսվում է  կառուցել ստորգետնյա ճանապարհ, ինչը կթեթևացնի տվյալ հատվածի երթևեկությունը։

Նշենք, որ օրերս Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայկ Մարությանի տեղեկացմամբ, քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում «Հայրենիք» կինոթատրոնի եւ կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով:

Այս երկու նախագծերը ևս իրենց հերթին հնարավորություն կտան զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունը:

Հիշեցնենք, որ այս թեման քննարկվել է նաև նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք։ Մասնավորապես, 2017 թ.–ի հունվարին Երևանի արդեն նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել էր մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Գեւորգ Մուշեղյանը նշել էր, որ հաշվի առնելով տեղանքի ճարտարապետությունը՝ մշակվել է անընդհատ երթևեկություն ապահովող ճանապարհային հանգույց՝ շրջադարձերի հնարավորությամբ:

Վահե Նիկոյանը նշել էր նաև, որ ծրագիրը ներառված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծում: