«Տնտեսական հեղափոխությունը» մնում է հայտարարությունների մակարդակում. Հակոբյան

Աշխատանքի հստակ ալգորիթմ չկա, պատրաստ չէ նույնիսկ կառավարության կառուցվածքը։ Առանց դրա տրամաբանությունից դուրս է կառավարության ծրագրի ընդունումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Տնտեսական հեղափոխությունը» Հայաստանում դեռ իրական բովանդակություն չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Խորհրդային դպրոցից մինչև տնտեսական հեղափոխություն. Փաշինյանը խոսել է ՏՏ ոլորտից

Նրա խոսքով` թեև իշխանափոխությունից 8–9 ամիս է անցել, բայց իրական արդյունք դեռ չի երևում։ Բիզնեսն ու հասարակությունն ուզում են իրենց հարցերի լուծումը գտնել, բայց չկա աշխատանքի հայեցակարգ, կառավարության ծրագիրը ներկայացված չէ։

«Մինչև հիմա հասկանալի չէ` ինչ է իրենից ներկայացնում «տնտեսական հեղափոխությունը», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` նկատվում են իրար հետ առանձնապես կապ չունեցող գործողություններ։ Փոխարենը պաշտոնյաները հրապարակային վեճերի մեջ են մտնում, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ «հանգցնում» է իր վարկանիշի հաշվին` հանդես գալով «հրշեջի» դերում։

Դեռ ոչ մի ալգորիթմ չի երևում, կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների ծրագիր էլ առայժմ չկա։

«Ինձ զարմացնում է, որ կառավարության կառուցվածքի նախագիծ դեռ չկա, բայց կարող է կառավարության ծրագիր ներկայացվել։ Անորոշության պատճառով ստեղծված այդ մրրկայնությունը կարող է մի քանի ամսով արգելակել նախարարությունների աշխատանքը», – ասաց Հակոբյանը։

Տնտեսական հեղափոխությունը Հայաստանում մեկնարկել է, բայց չի ավարտվի. նախարար

Սկզբնական շրջանում որոշ հարցեր պայմանավորվում էր անփորձությամբ, բայց այդ բացատրությունն արդեն անտեղի է։

Հատկապես, որ ընտրությունների միջոցով իշխանությանը տված «քարտ բլանշն» արդեն այդքան ուժեղ չէ։ Հասարակությունն արդեն արել է անհրաժեշտ ամեն բան, ու հիմա ժամանակն է, որ իշխանությունն աշխատի։

Այս պայմաններում հանրության շրջանում առաջացած գերակնկալիքները կարող են չար կատակ խաղալ իշխանության հետ։