ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել, որ ընթացքում խոսել են նոր սերնդի ՀԴՄ–ների մասին։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները` ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից: Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչեւ այս էլ կար, կպահպանվի»,– գրել է Փաշինյանը:
Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր և միջին սուբյեկտներ:
«Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ և նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի»,– ավելացրել է ՀՀ վարչապետը:
Նա ընդգծել է, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը հանվում է, և քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ, բացի համանուն ՊՈԱԿ-ից, կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է:
Հիշեցնենք` 2019 թվականից բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: