Դատապարտյալները վստահել են միայն Նաիրա Զոհրաբյանին. նրանք դադարեցրել են հացադուլը

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` տարիներով չլուծված խնդիրներ կան քրեակատարողական հիմնարկներում. դրանք պարբերաբար ընդամենը կոսմետիկ լուծումներ են ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր իր գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Sputnik Արմենիայի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ տարիներով չլուծված խնդիրներ կան քրեակատարողական հիմնարկներում. դրանք պարբերաբար ընդամենը կոսմետիկ լուծումներ են ստանում։ Չբացելով փակագծերը` տիկին Զոհրաբյանն ասաց, որ առաջիկայում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ սկսելու են քննարկումների և հանրային լսումների շարք` կազմելու համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզը։

«Նուբարաշենում» մահացած Մհեր Եղիազարյանի վերջին նամակը հրապարակվել է

«Հանդիպել եմ բազմաթիվ դատապարտյալների հետ, որոնք տարբեր խնդիրներ ունեն, ու այդ խնդիրները տարիներով չեն լուծվում։ Այո, իմ հորդորով ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը և դատապարտյալ Անդրանիկ Գևորգյանը դադարեցրեցին հացադուլը։ Նրանք անգամ գրավոր  համաձայնությամբ հանդես եկան, որ վստահելով բացառապես Նաիրա Զոհրաբյանին, ով կարող է իրենց արդար պահանջը բարձրաձայնել, դադարեցնում են հացադուլը»,–մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` ՔԿՀ–ում բուժծառայության վիճակը խայտառակ է։ «Անընդհատ հղում են անում կառավարության որոշմանը, բայց մի՞թե հնարավոր է սանտավիկով սրտի կաթված կանխել, կամ սրտի կաթիլներով երիկամային կամ թոքային անբավարարվածություն բուժել»,–ասում է  Զոհրաբյանը և խոստանում, որ չի լինելու մարդու իրավունքների որևէ խախտում, որ չդառնա իրենց հանձնաժողովի քննարկման առարկա։

Իսկ ֆեյսբուքյան իր գրառման մեջ Նաիրա Զոհրաբյանը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրում Անդրանիկ Գևորգյանի և Մուշեղ Պողոսյանի առողջական խնդիրների վրա` նշելով, որ երկուսի վիճակն էլ վատ է, շատ վատ։

«Լուրջ վերանայման կարիք ունի նաև լրագրող Արմենակ Դավթյանի, ինչպես նաև դատապարտյալ Սամվել Խաչատրյանի գործերը: Այս երկու գործերում բազմաթիվ խնդրահարույց դրվագներ կան։ Սամվել Խաչատրյանի գործը, ըստ իս, սպիտակ թելերով է կապված»,–գրել է Զոհրաբյանը:

Վերջում նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրելու է արդարադատության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին` այս և այլ հարցեր քննարկելու և միասին լուծումներ գտնելու համար։ Նա հույսով է հայտնել, որ միմյանց օգնելով, միասին կաշխատեն։