Ալիևի հետ հանդիպումներից հետո Փաշինյանը փոխել է Արցախի վերաբերյալ դիրքորոշումը. փորձագետ

Իլհամ Ալիևի հետ հանդիպումներն ու Մնացականյան–Մամեդյարով բանակցությունները համոզել են ՀՀ վարչապետին, որ հակամարտությունը լուծելու շանսերը խաբուսիկ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ խստացրել է Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը` վերադառնալով բանակցային գործընթացում Արցախի ներառման անհրաժեշտության հարցին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Բոզոյան. «Փաշինյանը փորձում էր նահանջել թակարդից»

Ավելի վաղ` փետրվարի 1–ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է ձեռնարկել, բայց երկու կողմն էլ պետք է պատրաստ լինեն խնդրի խաղաղ լուծմանը։ Միաժամանակ Մերկելն ավելացրել էր, որ քայլերը չեն կարող միակողմանի լինել, անհրաժեշտ է երկու կողմի բարի կամքը։

«Մի քանի օրվա ընթացքում Փաշինյանի հայտարարությունները լուրջ փոփոխությունների են ենթարկվել։ Սկզբնական փուլում շատերն անհանգստացած էին` ինչ է ուզում նոր իշխանությունը Արցախի հարցում։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ երկրի ղեկավարությունը փորձում էր գործընթացը գաղտնի պահել հասարակությունից», – ասաց Հակոբյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

Բավարար տեղեկության բացակայության պայմաններում տարատեսակ քննարկումներ ծավալվեցին, դրան ավելացավ նաև այն, որ Փաշինյանի կողքին հայտնվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցները, որոնց մոտեցումները Ղարաբաղի վերաբերյալ հայտնի են բոլորին։

Հակոբյանը կարծում է, որ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մի քանի անգամ խոսելուց հետո, նաև հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երկու երկրների արտգործնախարարների` Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումների արդյունքի վրա, հասկացավ, որ խնդրի լուծման ոչ մի հնարավորություն չի նշմարվում։

«Նիկոլ Փաշինյանը երևի համոզվել է` ինչ են իրենից սպասում Ադրբեջանում և որոշ գերտերություններում։ Գերմանիա մեկնելուց առաջ նրա մոտեցումները խստացել են, և նա որոշել էր վերադառնալ այն մոտեցմանը, համաձայն որի` Արցախը պետք է բանակցությունների սեղանի մոտ վերադառնա, և առանց Ստեփանակերտի նա Ալիևի հետ խոսելիք չունի, քանի որ իրեն արցախցիները չեն ընտրել», – ասաց Հակոբյանը։

«Խիզախ քայլ» ասելով` Մերկելը երևի նկատի ուներ այն, որ Հայաստանը խոսում է փոխզիջումների մասին, եթե Ադրբեջանը պատրաստ է նույնը հայտարարել։

Հայաստանը փորձում է վերադառնալ այն կարգավիճակին, որն ուներ նախկինում. խաղաղասեր երկիր, որը պատրաստ է բանակցություններին և փոխզիջումների մասին խոսակցությանը։ Հակոբյանի խոսքով` տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը վերջին ամիսներին այդ «դափնին» իրեն էր վերցրել, բայց Փաշինյանը փորձեց վերադարձնել այդ «կարգավիճակը»։

Նշենք` Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել էր փոխզիջումների մասին։ «Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե ոչ»,– ասել էր նա: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանն այդ հարցին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել։