ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Թուրան» ադրբեջանական տեղեկատվական գործակալության խմբագիրը Հայաստանում է զուտ լրագրողական գործունեություն իրականացնելու նպատակով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարցազրույց է տվել ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիևին (Shahin Hajiyev), որն այս օրերին Երևանում է։
«Թուրան» գործակալությունը հայտ է ներկայացրել Արտաքին գործերի նախարարություն, հավատարմագրվել է Հայաստանում համապատասխան լրագրողական գործունեություն ծավալելու համար։ Բոլոր նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո նրանց հայտը բավարարվել է։ Եվ Հաջիևն իր լրագրողական խմբով այցելել է Հայաստան», – պարզաբանեց Նաղդալյանը։
Նա ընդգծեց, որ այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելու համար է, և սա ԱԳՆ–ի համար բնական գործընթաց է, քանի որ օրական տասնյակ երկրների լրագրողներ են դիմում ՀՀ ԱԳՆ հավատարմագրման համար։
Նաղդալյանն ավելացրեց, որ ԱԳՆ–ի կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունը ինչ–որ ձևով սահմանափակելու համար։