«Ֆիլմերդ Երևանում չցուցադրես». ինչպես է վրացի ռեժիսորը հրաշքով փրկվել Հայաստանում

Վրացի ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի հարսը` ռեժիսոր Նանա Ջանելիձեն, պատմել է` ինչպես է հայտնի ռեժիսորը փրկվել Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Վրացի հայտնի ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեի որդու կինը` ռեժիսոր Նանա Ջանելիձեն, Sputnik Գրուզիայի հետ զրույցում պատմել է, որ «Ցանկությունների ծառ» ֆիլմի պրեմիերայից հետո Երևանից հեռանալիս Աբուլաձեն ավտովթարի է ենթարկվել ու հրաշքով ողջ մնացել։ Այդ վթարի ընթացքում մահացել է նրա վարորդը, իսկ Թենգիզը դուրս է ընկել մեքենայից։

Փարաջանովն ու քրեական աշխարհը. ինչպես Պլիսեցկուն վերադարձրին գողացած ավտոմեքենան

Բարեբախտաբար, ինչ–որ մեկը գտել է նրան ու տարել Աբովյան քաղաքի հիվանդանոց։

«Հենց մենք իմացանք այդ մասին, անմիջապես ճամփա ընկանք։ Մեզ հետ էր նաև ռեժիսոր Ռեզո Էսաձեն»,– պատմել է Ջանելիձեն։

Թենգիզը վիրակապերով փաթաթված պառկած է եղել, տեսնելով Ռեզո Էսաձեին` կանչել է մոտն ու ասել. «Ռեզո, Երևանում ֆիլմերդ երբեք չցուցադրես։ Պրոյեկցիան շատ վատն է»։

Ռեժիսորը պատմել է, որ երբ դուրս է թռել մեքենայից, կորցրել է գիտակցությունը և ինչ–որ հիանալի թագավորությունում է հայտնվել, որտեղ երգել են թռչունները, ու նա չի ուզել հեռանալ այդտեղից, բայց նրան վերադարձրել են։ Ռեժիսորն ասել է` երևի պատճառն այն է եղել, որ ինքը դեռ պետք է ինչ–որ կարևոր բան նկարահաներ։

Թենգիզ Աբուլազեն (1924-1994) մի շարք ֆիլմերի հեղինակ է: «Ցանկությունների ծառ» ֆիլմը նկարահանել է 1977 թվականին։