ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոփոխելու անհրաժեշտություն չկա»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցները որոշակի ռիսկայնության դաշտ են ստեղծում նաև Հայաստան- Իրան հարաբերություններում։
Sputnik
Ոսկանյան. «Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոփոխելու անհրաժեշտություն չկա»

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում մշտապես ունեցել է հավասարակշիռ մոտեցումներ ու դերակատարություն։ Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանի հավասարակշող դերակատարության պահպանումն արդեն իսկ նպաստավոր է մեր շահերի տեսանկյունից: Բայց կարծում եմ` Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոփոխելու անհրաժեշտություն չկա. ոչ թե Իրանի ներգրավվածության մակարդակը բարձրացնելու վտանգն է մեզ անհանգստացնում, այլ բնականաբար, եթե ձևաչափը փոփոխվի՝ ակնհայտ սպառնալիք կա, որ Թուրքիան կարող է այդտեղ ներգրավվել, իսկ դա չի բխում մեր շահերից»,– ասում է նա:

Ըստ Ոսկանյանի` հետևաբար այս համատեքստում Իրանի հետ աշխատանքները նույնպես կարևոր են, և բնականաբար այդտեղ ևս պետք է գրանցվեն հաջողություններ:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ Իրանի պարագայում չունի արևմտյան պատժամիջոցներ, դրանք բացառապես Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցներն են, որոնք, ըստ էության, անարդար են:

Այս պատժամիջոցները որոշակի ռիսկայնության դաշտ են ստեղծում նաև Հայաստան- Իրան հարաբերություններում՝ ստեղծելով Հայաստանի գործարար շրջանակներում լրացուցիչ անհանգստություններ և առաջ բերելով լրացուցիչ վտանգներ, որոնք, բնականաբար, կարող են ազդել հարաբերությունների տնտեսական տիրույթի վրա, նաև որոշակիորեն քաղաքական տիրույթի վրա՝ հաշվի առնելով ամերիկյան կողմի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Բոլտոնի հայտարարությունները:

«Բայց կարծում եմ` այդ ռիսկերը կառավարելի են, և մենք որևէ պարագայում չենք կարող հրաժարվել Իրանի հետ համագործակցության ընդլայնումից, որովհետև այդ ընդլայնումը բխում է երկու կողմերի շահերից», - հավելեց իրանագետը: