Մակունցը պետք է հրապարակի ձայնագրությունը. Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել

Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել և մտադիր է դիմել արմատական միջոցների, որպեսզի հասնի «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը` պահանջելով տրամադրել խոստացված միջոցները ֆիլմի նկարահանումները շարունակելու համար։

Այս անգամ ռեժիսորը տեղավորվել է խորհրդարանի շենքի մոտ։

2018 թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրություն և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը ֆիլմը ֆինանսավորելու մասին։ Դեկտեմբերի 3–ից Հովհաննես Գալստյանը որպես բողոքի նշան հացադուլ էր սկսել։ Դեկտեմբերի 12–ին մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել նախկին նախարար Լիլիթ Մակունցի և Հովհաննես Գալստյանի հանդիպումը, որից հետո նա դադարեցրել էր հացադուլը, իսկ նախարարը կարգադրել է փոխանցել գումարը։

Մակունցը պետք է հրապարակի ձայնագրությունը. Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ռեժիսորը հաղորդեց, որ լուրջ է տրամադրված և հացադուլ կանի այնքան ժամանակ, մինչև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար և մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը կհրապարակի միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում նա հանձնարարություն է տվել տրամադրել խոստացված գումարը։

Գալստյանը հաղորդեց, որ դատարանի նիստը, որին նա սպասել է երեք ամիս, տեղափոխվել է ևս երկու ամսով, այսինքն` մինչև ապրիլ։ Ազգային կինոկենտրոնից պատասխանել են, որ հայց չեն ստացել, փաստաբանը գործին չի ծանոթացել, սակայն, ռեժիսորի խոսքով, նա ունի հակառակի ապացույցները։

Հացադուլ, նամակ Փաշինյանին, զանգ քարտուղարուհուց. «Տատիկիս վարսերի» սկանդալը թեժանում է

Ռեժիսորը կարծում է, որ կինոկենտրոնը մտադիր է հետաձգել գործընթացը` լավ հասկանալով, որ նկարահանման նախապատրաստական շրջանը պետք է մեկնարկի արդեն մարտին, իսկ Բուլղարիայի և Գերմանիայի գործընկերները պետք է հասցնեն նախապատրաստվել նկարահանումներին։ Գալստյանի խոսքով` նա կգնա մինչև վերջ և բացասական արդյունքի դեպքում կդիմի միջազգային դատարան։

«Փետրվարի 7–ից ես կհրաժարվեմ նաև ջրից։ Կգնամ մինչև վերջ, ես այլ լուծում չեմ տեսնում։ Ես կդիմեմ այլ արմատական մեթոդների։ Որքան ավելի հակահումանիստական է իշխանությունը, այնքան ավելի ցավոտ է պայքարի մեթոդը», – նշեց նա` հավելելով, որ հացադուլին մտադիր են միանալ նաև իր գործընկերները։

Հովհաննես Գալստյանը նաև մտադիր հասնել կինոոլորտում պետական կառավարման մոդելի փոփոխություններին, որի համար երթ կանցկացնի դեպի կառավարություն և նամակն անձամբ կհանձնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Իր հերթին մարդու իրավունքների և հասարակական հարցերի հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն հայտնել Գալստյանին և կոչ է արել դադարեցնել հացադուլը, քանի որ դա վտանգավոր է  նրա առողջությանը։

«Առաջին անգամ մեզ թվաց, որ խնդիրը լուծվել է։ Մշակույթի լուծարված նախարարությունը համապատասխան պայմանագիր էր ստորագրել։ Հիմա պետք է պարզել, թե ով է իրավահաջորդը։ Եթե իշխանությունները չեն կարողանում հասկանալ, թե ով ում իրավահաջորդն է, ապա դա կարող է լուրջ հարված հասցնել պետության հեղինակությանը», – կարծում է Զոհրաբյանը։

Մակունցը պետք է հրապարակի ձայնագրությունը. Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել

Նա նաև խոստացել է հիմնավորապես ուսումնասիրել հարցը և ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։

Նշենք, որ Parallels Film Production ընկերությունը, որը գլխավորում է Հովհաննես Գալստյանը, պետք է նկարեր «Տատիկիս վարսերը» գեղարվեստական կինոնկարը։ Այդ ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի առաջին համատեղ նախագիծն է։ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ֆիլմի ֆինանսավորման համար պետք է հատկացներ 88 միլիոն դրամ։

Դրանից տրամադրվել է ընդամենը 23 միլիոնը։ Սակայն 2017թ.–ի ապրիլին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գալստյանից խնդրել է հինգ միլիոն դրամ։ Այդ միջոցները պետք է տրամադրվեին Կաննի կինոփառատոնին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպելուն։ 2018թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը` կապված ֆիլմի ֆինանսավորման հետ։