Նոր Արթիկ գյուղում ավագ եղբայրը դանակահարել է կրտսերին. 46–ամյա տղամարդը մահացել է

Ժիրայր Նազարեթյանը բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Արագածոտնի մարզում ավագ եղբայրը դանակահարել է կրտսեր եղբորը։ Վերջինը մահացել է։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից,  փետրվարի 3-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը:

Մոսկվայում կրակել են 12–ամյա Արտակի վրա, նա վերակենդանացման բաժանմունքում է. ԶԼՄ

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Ժիրոն 1970 թ. ծնված Ժիրայր Նազարեթյանն է, իսկ եղբայրը՝ 1973 թ. ծնված Ղևոնդ Նազարեթյանը: Նրանք նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին՝ Նոր Արթիկ գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում Ժիրայր Նազարեթյանը դանակահարել է եղբորը, որն ավելի ուշ մահացել է:

Ժամը 22.30-ին Ժիրայր Նազարեթյանը բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: