Ատոմակայանի երկրորդ տուրբոգեներատորը հասավ Հայաստան

Հայկական ատոմակայանի աշխատանքը 10 տարով երկարացնելու գործընթացը կավարտվի 2021 թվականին։ 1970 թ-ից աշխատող հին սարքավորումները փոխարինվում են ժամանակակից սարքերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. «Ռոսատոմ» պետկորպորացիան հայկական ԱԷԿ-ին է մատակարարել երկրորդ տուրբոգեներատորը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Ռոսատոմից»։

Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել ՀԱԷԿ–ի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հնարավորություն է փնտրում. Փաշինյան

«ՀԱէԿ-ում սարքավորումների արդիականացումից հետո, որը ենթադրում է նաև տրամսֆորմատորների, տուրբինների, կոնդենսատորներերի և այլ սարքավորումների փոփոխումը, նույն քանակությամբ սպառվող վառելիքից մենք կարտադրենք մոտ 40 ՄՎտ-ով ավելի էլեկտրաէներգիա, քան հիմա է արտադրվում: Մեծացնելով օգտակար գործողության գործակիցը` հնարավոր կլինի նվազեցնել արտադրվող էներգիայի մեկ միավորի ինքնարժեքը, որը շատ կարևոր է բացթողման գների կայունացման համար», - նշել է Հայկական ԱէԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

Երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը կիրականացվի 2019թ–ին։ Այս տարվա ընթացքում կիրականացվեն նաև կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։

«Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն արդեն առաքվել են կամ կառաքվեն 2019թ-ի ընթացքում», - նշել է «Ռուսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման գծով տնօրենի տեղակալ, ռուսական կողմից ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը։

ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Հայաստանի ատոմակայանը 2019թ–ին երկար ժամանակով կկանգնի, բայց ավելի շատ հոսանք կտա

Ծրագրի հիմնական նպատակը կայանի աշխատանքի երկարացումն է մինչև 10 տարով և արդյունավետության մակարդակի բարձրացումը:

Նախագծով նախատեսված է բոլոր աշխատանքներն ավարտել 2021 թվականի վերջում։ Նշենք, որ ՀԱԷԿ–ի առաջին տուրբոգեներատորը մատակարարվել էր 2017թ-ին։ Դրանով փոխարինվել է 1970 թ-ից աշխատող հին սարքավորումը։

Այս պահին շահագործվում է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը։ ՀԱԷԿ–ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է։ Այն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը։

Հայկական ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է։ «Ռոսատոմ» ընկերությունն իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են նաև առողջապահական և կրթական համատեղ նախագծերի իրականացումն ու ատոմային ոլորտի կադրերի պատրաստումը։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն ու կազմակերպություններ, այդ թվում`Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու աշխարհի միակ ատոմային նավատորմը:

Հայաստանի ատոմակայանի «երկվորյակները» մինչև 60 տարի կաշխատեն

«Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի, այլև Չինաստանի, Իրանի ու Բուլղարիայի շուկաներում ՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարաձգման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալն օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: