ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հետաքրքիր քննարկում ստացվեց օրհներգի վերաբերյալ: Այս ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ամեն բան տեսա` գովեցին քննադատեցին, սպառնացին, օգնեցին, նույնիսկ իմ հաշվին ոմանք փորձեցին ինքնահաստատվել: Եզրակացություններս այս ամենից հետևյալն են`միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է:
Միանշանակ է, որ Շառլ Անզնավուրի և Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ:
Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ և դիմադրություն են առաջացնում:
Փաստ է, որ 2006 թվականին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է»,–գրել է Սիմոնյանը:
Իմի բերելով` ԱԺ փոխնախագահն ավելի միանշանակ բաներ է ասել:
Նա ընդգծել է, որ որոշողը ժողովուրդն է։ Ու թեև երկրում կան շատ ու շատ ավելի կարևոր խնդիրներ, բայց դրանք միշտ կլինեն:
«Ես ետ չեմ կանգնելու հանրությանը տարբեր առաջարկներ անելու և լսելու պրակտիկայից, ես չեմ խուսափելու համարձակ, ոչ պոպուլյար լուծումներ առաջարկելուց և չեմ վախեցել և չեմ վախենում անհանդուրժողականությունից և հարվածներից: Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս, այլ վեհ ու ուժեղ է, և ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա: Իսկ մինչ այդ, որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ և հարգանքով կմոտենամ գործող օրհներգին և, գնահատելով հինը, կարարեմ նորը, Ձեր հետ միասին»,–գրել է նա:
Որպես հետգրություն Ալեն Սիմոնյանը գրել է, որ կարծում է` ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ինչ կասեք՞ ։
Հիշեցնենք, որ վերջերս բուռն քննարկման առարկա է դարձել ՀՀ օրհներգի մասին փոփոխությունները։
Պատմությանը հայտնի դեպքերից հետո Հայաստանի օրհներգը փոխվեց։ 1991 թվականի հուլիսի 1-ից երկրի գլխավոր երգը դարձավ «Մեր հայրենիք» ստեղծագործությունը։ Հիմք հանդիսացավ Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը, երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է։