Կոտայքի մարզպետը դատի է տվել Facebook–ի օգտատերերին

Ռոմանոս Պետրոսյանն ուզում է, որ իրեն վիրավորողները ներողություն խնդրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հրապարակային զրպարտության ու վիրավորանքի ակնհայտ տարրեր պարունակող 68 դրվագներից բաղկացած հիմնավոր փաստերով դիմել է դատարան։ Մարզպետն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Դիմել եմ դատարան՝ օրենքի շրջանակում, դատական կարգով վերականգնելու իմ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը, ըստ այդմ խնդրելով նաև դատարանին՝ պարտավորեցնելու պատասխանողին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում տեղադրված՝ ինձ վերաբերող վիրավորանք պարունակող գրագրության արդյունքում ներողություն խնդրել ինձանից՝ սահմանելով այն հայտնելու ձևը»,– գրել է նա:

Մարզպետը խնդրել է նաև պատասխանողից բռնագանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն սահմանաչափի դրամական միջոցներ` որպես վիրավորանք և զրպարտություն պարունակող գրագրությամբ պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։  Նա նշել է, որ այդ գումարը կուղղվի մարզային ենթակայության դպրոցներից մեկում որևէ հիմնախնդրի լուծմանը։

Պետրոսյանը խնդրել է, որ վերջնական դատական ակտով լուծվի նաև դատական ծախսերի հարցը:

«Հայցս պարունակում է 68 դրվագ… սա նշանակում է, որ հեղափոխությունից հետո կան մարդիկ, ում միակ կամ հիմնական զբաղմունքը եղել է ամիսներ շարունակ ինձ և իմ արած աշխատանքը փնովելը, «սևացնելը», անհիմն վիրավորանքների, սին մեղադրանքների, և իհարկե, մանիպուլյացիայի ճանապարհով իմ մասին ապատեղեկատվության ու զրպարտանքի, շատ հաճախ նաև վիրավորանք պարունակող գրագրության տարածումը»,– գրել է մարզպետը:

Նա ընդգծել է, որ պատրաստ է լսել ցանկացած օբյեկտիվ քննադատություն իր կամ իր թիմի գործունեության նկատմամբ։

«Ականջալուր եմ առողջ քննադատությունից բխող՝ ցանկացած կառուցողական առաջարկի, բայց միևնույն ժամանակ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների և/կամ սեփական կամ այլ ծախու լրատվական ռեսուրսների կիրառմամբ իմ դեմ ուղղված արշավներին ես շարունակելու եմ խստագույնս հակադրել ՀՀ օրենսդրությունն ու իրավական այն ակտերը, որոնցով պաշտպանված է ՀՀ ցանկացած քաղաքացի»,– ավելացրել է մարզպետը:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: