Գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների կամ, ինչպես ժողովուրդն է ասում, ինսուլտների բուժումն այսուհետև Հայաստանում կիրականացվի պետպատվերով: Ծրագիրը մեկնարկել է փետրվարի մեկից: Այս հիվանդությամբ բուժումը կլինի անվճար՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից: Կա միայն մի բայց, եթե ինսուլտ տարած քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվում ախտորոշումից 24 ժամվա ընթացքում: Ծրագրով կսպասարկվի տարեկան շուրջ 250 հիվանդ:
Նշենք, որ իշեմիկ կաթվածն այն տեսակն է, երբ արյան անոթների խցանումների կամ նեղացման պատճառով ուղեղը բավարար չափով արյուն չի ստանում, և հյուսվածքները մահանում են:Այս ծառայությունը կմատուցվի երկու բուժհաստատությունում` «էրեբունի» և Համալսարանական թիվ 1 հիվանդանոցներում:
Համապատասխան հնարավորություններ առայժմ ունեցել են այս հաստատությունները: Մյուսները նույնպես կմիանան ծրագրին, եթե բավարարեն պահանջներին:
Նշենք, որ նմանատիպ ծրագիր արդեն մի քանի տարի գործում է սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, երբ պետպատվերով ստենտավորում է իրականացվում կյանքի համար առաջացող վտանգի դեպքում՝ անկախ պացիենտի սոցիալական դրությունից: