Երկրագիտական թանգարանի տնօրենը մոտ 10 մլն դրամ է յուրացրել

«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ–ից կատարված առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործի քննությունը շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին առաջադրվել է մեղադրանք` առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը յուրացրել է երեխաների սնունդը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Լոռու մարզի դատախազությունում 2018թ. նոյեմբերի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ թանգարանի տնօրենը 2006-2018թթ. ընթացքում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել 7 անձանց, նրանց անվամբ ստեղծել կեղծ փաստաթղթեր, դուրս գրել ընդհանուր 9 047 836 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ։ Ապա իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով անձամբ ստացել ու ծախսել է անձնական կարիքների համար:

Թանգարանի ընթացիկ տնտեսական ծախսերը հոգալու համար 2016թ.–ի հոկտեմբերից մինչև 2018 թվականի օգոստոս ամիսը 4 աշխատակիցներից պահանջել և ստացել է 342․000 ՀՀ դրամ։

Դատախազությունից հայտնում են նաև, որ նախաքննության ընթացքում տնօրենն արդեն իսկ վերականգնել է պետությանը պատճառված վնասից 5 750 000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով ամբողջությամբ վերականգնել ամբողջ վնասը։

Նախաքննությունը ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է: