Հայաստանը Վրաստանին 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ կտրամադրի. Թորոսյան

Առողջապահության նախարար խոսել է Վրաստանի գործընկերոջ հետ, որից հետո որոշում է կայացրել օգնել հարևան երկրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վրաստանին օգնելու նպատակով Հայաստանը կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաև, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների»,– նշել է նա։

Բարեբախտաբար Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքը արձանագրվել է 2007թ-ին՝ շնորհիվ մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018թ․-ի դեկտեմբերին ՌԴ-ից ժամանած ուղևորի մոտ և կրկին, բարեբախտաբար, տարածում չէր ունեցել մեր երկրում։

Նախարարը կոչ է անում բոլորին ստանալ ազգային իմունիզացիայի ծրագրով նախատեսված բոլոր պատվաստումները, իսկ գանգատների դեպքում՝ դիմել բժշկի։