Շիրակում վթարի ենթարկված Սու–25–ի սև արկղի տվյալների մի մասն ուսումնասիրվել է

Սև արկղի տվյալների ուսումնասիրության արդյունքները կհրապարակի քննություն իրականացնող մարմինը` ըստ անհրաժեշտության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը ստացել է Շիրակում վթարի ենթարկված Սու 25–ի սև արկղի ուսումնասիրության տվյալների մի մասը, սակայն ամբողջական ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վթարված Սու-25 ի սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում, որ ամբողջ տվյալների ուսումնասիրությունը ավարտվել է»,– գրել է նա։

Հովհաննիսյանը նշել է, որ նման տվյալները շատ են։

«Կա քննություն իրականացնող մարմին, որը ավարտելով քննությունը ըստ անհրաժեշտության կհայտնի արդյունքները»,– գրել է ՊՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Սու-25 մարտական ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել 2018 թ–ի դեկտեմբերի 4-ին, ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից։ Ինքնաթիռը կործանվել էր Մարալիկի տարածաշրջանի լեռներում: Կործանման հետևանքով մահացել էին օդաչուները՝ փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մովսես Մանուկյանը։