Փաշինյանն ու նախարարները կհանդիպեն «Իմ քայլի» պատգամավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե նախարարներն ինչու են հանդիպելու պատգամավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր` 11:00-ին, կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպելու են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

«Հանդիպումը տեղի է ունենալու վարչապետի նախաձեռնությամբ, սակայն թե ինչ է քննարկվելու հանդիպման ժամանակ, պարզ չէ»,– գրում է թերթը:

Պարբերականը հայտնում է, որ պատգամավորները նույնպես տեղյակ չեն հանդիպման օրակարգից: Ենթադրվում է՝ հիմնականում խոսքը վերաբերելու է կառավարության ծրագրին, որն ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին:

«Իմ իմանալով` խմբակցության նիստ է լինելու: Որեւէ մեկս օրակարգից տեղյակ չենք: Կարծում եմ` խմբակցության ղեկավարն ու քարտուղարը նույնպես»,- թերթի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը համառորեն չեն պատասխանել պարբերականի հեռախոսազանգերին: