ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը Instagram-ի իր էջում լատինատառ հայերեն գրել է «Բարի գալուստ»:
Գրառումն արվել է փետրվարի 1-ին` ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնական հանդիպման օրը։ «Բարի գալուստ Բեռլին, վարչապետ Փաշինյան»,– գրել է նա:
Գրառման հաջորդ հատվածը գերմաներեն ու անգլերեն է։ «Հայաստանում լավատեսության ոգի կա: Երկու երկրներն էլ ցանկանում են ամրապնդել իրենց հարաբերություններն ու ավելի սերտորեն աշխատել բիզնեսի, գիտության, ժողովրդավարության ամրապնդման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,- ասված է Գերմանիայի կանցլերի գրառման մեջ։
Հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով գտնվում էր Գերմանիայում։ Փետրվարի 1-ին կայացել է Մերկելի և Փաշինյանի հանդիպումը:
Բանակցություններն ընթացել են ճաշի սեղանի շուրջ, որի ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Հունվարի 31-ին Փաշինյանը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ, այցելել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, հանդիպում ունեցել նաև գերմանահայ համայնքի հետ։