ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Այս մասին տեղեկացնում են ԱԺ աշխատակազմից:
Արարատ Միրզոյանը, կարևորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում:
Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը:
Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, արդյունավետ աշխատանք է մաղթել: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության և փոխվստահության մթնոլորտում:
Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին՝ համաձայնելով, որ քաղաքական ու տնտեսական գործակցությանը զուգահեռ կարևոր է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում կապերի ընդլայնումը: