Խորհրդային դպրոցից մինչև տնտեսական հեղափոխություն. Փաշինյանը խոսել է ՏՏ ոլորտից

ՀՀ վարչապետը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն աճում է աննախադեպ տեմպով։ Այս մասին փետրվարի 1-ին, Գերմանիայում, «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում» իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին 7 տարիների ընթացքում այդ ոլորտը 5 անգամ աճել է: ՏՏ ոլորտը դառնում է մեր տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը` հետագա զարգացման համար հսկայական ներուժով»,– ասել է Փաշինյանը:

ՏՏ համաշխարհային կոնգրեսը կկայանա Երևանում. Մհեր Գրիգորյան

Նա նաև նշել է, որ այդ ոլորտում Հայաստանի հաջողության հիմնական գրավականը ԽՍՀՄ-ից ժառանգած մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների ավանդական ուժեղ դպրոցն է։ Իսկ հայկական հեղափոխությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել ժողովրդի տաղանդի անսահմանափակ դրսևորման համար։

«Հայաստանի նոր կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը գերակա է համարում, քանզի մենք դրանում տեսնում ենք մեր տնտեսական հեղափոխության լոկոմոտիվը և ապագա Հայաստանի տնտեսության անկյունաքարը», – ասել է նա:

Ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքները, տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերը, Արցախյան խնդրի կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը և այլն: